22/09/2023 10:18
Մեր նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ. ԼՂ բնակիչները կարող են Հայաստան գալ այն պայմաններում, երբ արձանագրվի, որ անհնար է այնտեղ ապրել. Նիկոլ Փաշինյան
Լեռնային Ղարաբաղի բնակչները կարող են Հայաստան գալ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների՝ Լեռնային Ղարաբաղում մնալու անհնարինությունը, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այո, մենք գնահատում ենք, որ այս պահին կա այդ անհնարինությունը, եթե իրավիճակը չբարելավվի՝ այդ խնդիրն, իհարկե, բոլորիս օրակարգում կլինի, բայց նաև մեր հանրությանն ուզում եմ տեղեկացնել, որ դեռևս սեպտեմբերի 19-ին ես հանձնարարական եմ տվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որպեսզի կառավարության գործընկերների հետ քննարկի, թե ինչպես, ինչով ու որտեղ ենք աջակցելու մեր հայրենակիցներին»,- նշեց նա։
Փաշինյանն ասաց, թե ավելի քան 40 հազար տեղ է նախապատրաստվել, խոսքը կեցության վայրերի մասին է։
«Այդ առումով կարող ենք արձանագրել, որ մենք պատրաստ ենք ու շարունակում ենք պատրաստվել»,- ընդգծեց վարչապետը՝ նշելով, որ այս ամենը համաձայնեցված է Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ։
Նա, սակայն, ասաց, թե Հայաստանի կառավարության նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ։
«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր հայրենակիցներն ապրեն իրենց տներում առանց վախի ու արժանապատիվ»,- ասաց Փաշինյանը։