22/09/2023 09:32
Գնացեք Նիկոլին ասեք` գնա Ղարաբաղը պաշտպանի, ոնց ծախել են, այնպես էլ թող պաշտպանեն. Կարեն Ջալավյան
«Հրապարակ օրաթերթը» գրում է․
«Երեկ համացանցում հրապարակումներ տարածվեցին այն մասին, որ «Քյոխ» մականվամբ հայտնի զինվորականը` արցախցի Կարեն Ջալավյանը, իր զինվորների հետ որոշել է չհանձնվել, կռվել մինչեւ վերջ։
Լրագրողը կապ է հաստատել նրա հետ՝ ճշտելու, թե արդյոք հավաստի՞ են այդ տեղեկությունները, որ որոշել է իր զինվորների հետ չհանձնվել:
«Գնացեք Նիկոլին ասեք` գնա Ղարաբաղը պաշտպանի, ոնց ծախել են, այնպես էլ թող պաշտպանեն»,- ասել է Արցախի հերոսը։
Հարցին` իսկ որպես զինվորական ինքն ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, ճի՞շտ են այդ լուրերը, ասել է. «Հայ ժողովրդին ո՛չ Ղարաբաղն ա պետք, ո՛չ էլ` ղարաբաղցին, վերջ»։ Իսկ ինչո՞ւ եք այդպես մտածում, հիմա մարդիկ փողոց են դուրս եկել` պայքարում են, ով ինչ կարողանում է` անում է, մյուսներն անտարբեր չեն, շատ ծանր են տանում այս ամենը, նա ասել է․ «Որովհետեւ ամբողջ ժողովուրդը լվացել է ձեռքերը ղարաբաղցիներից»։
Իսկ ինչո՞ւ եք ասում․ «Նիկոլին ասեք` գնա Արցախը պաշտպանի»։ «Ուզում եք՝ Նիկոլին ասեք, ուզում եք` Քոչարյանին ասեք, Սերժին ասեք։ Ես չգիտեմ, թե ով է մեղավոր, ես զինվորական եմ՝ իմ գործն եմ կատարել»։
Նկատելի էր, որ Կարեն Ջալավյանը վրդովված է, խոսելու ցանկություն չունի, այս կարճ զրույցից հետո հորդորել է՝ այլեւս հարցեր չտալ իրեն ու անջատել է հեռախոսը։