23/09/2023 18:57
«Աշխարհը պետք է իմանա՝ ինչ է կատարվում»․ Ամերիկյան պատվիրակություն է այցելել Կոռնիձոր (Տեսանյութ)
Ամերիկյան պատվիրակություն է այսօր այցելել Կոռնիձոր՝ ծանոթանալու Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև ավելի լավ տեղեկանալու Արցախում կատարվողից։
Ամերիկյան պատվիրակությունը գլխավորող սենատոր Գերի Փիթերսը մտահոգիչ է անվանել իրավիճակը, նշել է, որ Արցախում իրավիճակի վերաբերյալ անհրաժեշտ է ավելի լավ իրազեկել միջազգային հանրությանը։
«Աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվում այնտեղ։ Մենք Ադրբեջանի կառավարությունից լսում ենք, որ տեսնելու բան չկա, անհանգստանալու կարիք չկա։ Եթե դա իրականությանը համապատասխանող պնդում է, ուրեմն կարող են միջազգային դիտորդներ ներս մտնել՝ տեղում իրավիճակին ծանոթանալու», - լրագրողների հետ զրույցում ասել է սենատորը՝ հավելելով, որ Կոռնիձորում բազմաթիվ մարդկանց հետ է զրուցել, ովքեր անհանգստանում են Արցախում գտնվող իրենց հարազատների համար, որոնք ամիսներ շարունակ տառապում են՝ շրջափակման պատճառով։
«Սննդի, բժշկական պարագաների, վառելիքի պակաս կա, չափազանց ծանր իրավիճակ է։ Ես այս ամենը պատմելու եմ իմ գործընկերներին Ամերիկայում, որպեսզի ջանք գործադրենք, որ միջազգային դիտորդները կարողանան մտնել Լեռնային Ղարաբաղ և տեսնեն, թե իրականում ինչ է կատարվում, ու որպեսզի օգնենք, որ Լեռնային Ղարաբաղի մարդիկ հարգանքի, արժանապատիվ վերաբերմունքի արժանանան, ու նրանց իրավունքները կպաշտպանվեն», - ասել է ամերիկացի սենատորը։