23/09/2023 17:00
Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը չի ցանկանում մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ․ Դավիթ Բաբայան
Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը՝ 99,9 տոկոսը, ցանկանում է դուրս գալ Արցախից, քան մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ, News.am-ին ասել է Դավիթ Բաբայանը:
«Արցախում վիճակը շարունակում է մնալ ծանր, մի քանի բեռնատարներ ժամանել են, հիմա սպասում ենք նոր բեռնատարների մուտքին: Իհարկե, սա փոքր-ինչ կթեթեւացնի սոցիալական, կենցաղային պայմանները։ Եթե էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվի, կթեթեւանա վիճակը, հետո մնացածը կտեսնենք: Նախօրեին բեռնատարները Լաչինի միջանցքով են եկել, հիմնականում բերել են սնունդ, փոքր ինչ վառելիք, նաեւ դեղորայք»,-ասել է նա:
Հարցին, թե Ադրբեջանը պահո՞ւմ է արդյոք պայմանավորվածությունները արցախյան կողմի հետ, Բաբայանը պատասխանել է՝ դեռ շուտ է այդ մասին խոսելը, պետք է սպասել:
Բաբայանը նշել է, որ այս պահին պայմանավորվածություն է ձեռք բերվել թեթեւացնել կենցաղային վիճակն Արցախում:
«Մնացած հարցերը, ինձ թվում է, հետագա հանդիպումների ժամանակ կքննարկվեն: Այս պահի դրությամբ քննարկվում են զոհվածների տեղափոխումը, անհետ կորածների ու վիրավորների հարցը եւ նման հարցեր: Էլեկտրաէներգիա չլինելու պատճառով շատ գյուղերի հետ կապ իրոք չկա»,- ասել է նա: