23/09/2023 12:46
ՄԻՊ արագ արձագանքման խումբը տեսակցել է Լևոն Քոչարյանին. նրա մարմնի տարբեր հատվածներում եղել են վնասվածքներ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը սեպտեմբերի 22-ին այցելել է բժշկական հաստատություն և տեսակցել բողոքի ակցիայի ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած անձանց, այդ թվում՝ Ձեր կողմից նշված քաղաքացուն՝ Լևոն Քոչարյանին,- Aysor.am-ին հայտնեցին ՄԻՊ-ից:
«Վերջինիս մոտ մարմնի տարբեր հատվածներում եղել են վնասվածքներ: Առանձնազրույցի ընթացքում ներկայացրել է, թե ինչպես է այդ վնասվածքները ստացել: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները զրուցել են նաև բժիշկների և ոստիկանների հետ: Ոստիկանությունից Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել են, որ ձերբակալությունն իրականացվել է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում»,-ավելացրեցին ՄԻՊ գրասենյակից:
Ավելի վաղ «Նաիրի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը Aysor.am-ին ասել էր, որ Լևոն Քոչարյանի մոտ նախնական ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում։
Լևոն Քոչարյանն այսօր դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանական մեքենայում մի քանի ոստիկանի կողմից։