24/09/2023 12:41
Հայաստանի վարչապետը ես եմ, հետևաբար, առաջնորդում եմ անկախության պաշտպանության շարժումը. Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ես եմ, և այդ մեկ մարդը դու ես. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պետք է լինի խաղաղ, զարգացած, երջանիկ, ազատ ու ժողովրդավարական պետություն, այս մասին ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բայց այս ճանապարհին, ըստ նրա, անհրաժեշտ է վերահաստատել ազատ ու ինքնիշխան պետություն լինելու կամքը:
«Մենք գնում ենք այդ ճանապարհով` հարգելով մեր բոլոր գործընկերներին, բայցև նույնպիսի հարգանք ակնկալելով մեր ժողովրդի, մեր պետության, մեր ինքնիշխանության նկատմամբ»,- նշեց նա:
Փաշինյանը հայտարարեց, թե վերջին տարիներին ու այսօր մեզ հետ տեղի ունեցող իրադարձությունների խորքային իմաստը հենց սա է` Հայաստանը լինելու է ինքնիշխան, ազատ պետությո՞ւն, թե՞ վախվորած ծայրագավառ:
«Արդեն գրեթե բաց ու թափանցիկ այս ընտրությունն է դրվում Հայաստանի ներքաղաքական դաշտում, ու ամեն քաղաքացի պետք է ընտրություն կատարի` ինքն անկախության պաշտպանության շարժման մասնակի՞ց է, թե՞ ծայրագավառային հնազանդության»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինքն է Հայաստանի վարչապետը, հետևաբար, առաջնորդում է անկախության պաշտպանության շարժումը:
«Եթե չլինեի վարչապետ` որպես քաղաքացի կգնայի ՀՀ անկախության պաշտպանության շարժումն առաջնորդող վարչապետի հետևից` իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց լինելու է, որովհետև Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ես եմ, Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես: Հայաստանի քաղաքացին չի կորցրել ու չի կորցնի իր հպարտությունն ու հաստատակամությունը և Հայաստանի քաղաքացին կհաղթի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, երջանկության ու ազատության համար մղվող այս պայքարում:
Փառք նահատակներին ու կեցցե Հայաստանի Հանրապետությունը,»- հավելեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: