24/09/2023 10:41
«Բոլոր մարդիկ արժանի են ունենալու սովից և հակամարտությունից զերծ կյանք». ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հայտարարությունը
Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուն իր տագնապն է հայտնել Ադրբեջանի կողմից վերջին ռազմական էսկալացիայի կապակցությամբ, ի գիտություն է ընդունել սեպտեմբերի 20-ին հայտարարված հրադադարի մասին տեղեկությունը և ընդգծել նոր բռնությունների կանխման և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման կարևորությունը, որը կպաշտպանի ողջ ժողովրդի իրավունքները:
«Ռազմական գործողությունները կարող են միայն նպաստել առանց այն էլ լարված իրավիճակի սրմանը և այդ տարածքի քաղաքացիական բնակչությանը ենթարկել բռնության վտանգի, այդ թվում՝ ցեղասպանության և դրա հետ կապված ոճրագործությունների ռիսկի: Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը բռնությունը կանխելու և խաղաղությունը պահպանելու համար", - ընդգծել է Հատուկ խորհրդականը։
Հատուկ խորհրդական Վաիրիմու Նդերիտուն վերհաստատել է երկխոսության և խաղաղության իր կոչը, ինչպես նաև լարվածության ցանկացած սրացումից խուսափելու կոչը, որը հղել է այս տարվա հուլիսի 4-ին Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանում իր ճեպազրույցի ժամանակ, և ընդգծել բռնության ազդեցությունը անմեղ և խոցելի քաղաքացիական անձանց վրա:
«Տարածաշրջանում ռազմական էսկալացիայի նախկին դեպքերը զգալի բացասական ազդեցություն են ունեցել խաղաղ բնակչության վրա, և վերջին սրացումների արդյունքում եղել են նաև հաղորդումներ խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին: Բացի այդ, տարածաշրջանում հաճախակիացել են ատելություն և թշնամանք սերմանող խոսույթի օգտագործման մասին տեղեկությունները, ինչը թեժացնում է լարվածությունը: Բռնությունն ու ատելությունը փոխլրացնում են միմյանց: Մենք պետք է կոտրենք այս արատավոր շրջապտույտը և աշխատենք կառուցել ապագա, որտեղ այլևս ատելություն և պառակտում չի լինի: Ես կոչ եմ անում բոլոր կողմերին առաջ մղել կառուցողական երկխոսությունն ու բանակցությունները՝ միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների նորմերի լիակատար հարգմամբ»,- նշել է նա:
Հատուկ խորհրդականը նաև մտահոգություն է հայտնել, որ այս զարգացումները տեղի են ունենում՝ ի հեճուկս տարածաշրջանին մարդասիրական օգնության ապահովման վերջին առաջընթացին, այդ թվում՝ Լաչինի միջանցքով։ Հատուկ խորհրդականը հիշեցրել է 2023 թվականի փետրվարի 22-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը դատարանի կողմից հաստատվել էր 2023 թվականի հուլիսի 6-ին, սահմանելով միջանկյալ միջոցներ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի կիրառմանն առնչվող գործով (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի)։ Նա նաև կրկնել Է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի 2023 թվականի փետրվարի 24-ի եւ օգոստոսի 3-ի կոչերը՝ նշելով, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները պարտադիր ուժ ունեն կողմերի համար: Հատուկ խորհրդականը կարևորել է դրանց ամբողջությամբ իրականացումը, ներառյալ՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով ապահովելու համար բոլոր միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումը։ Այս ուղերձը նա նախկինում կրկնել է, այդ թվում ՝ 2023 թվականի ապրիլի 28-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված «Թվային դարաշրջանում ոճրագործությունների կանխարգելումը» թեմայով միջոցառման ժամանակ:
«Այն փաստը, որ հնարավոր է եղել որոշ քանակի մարդասիրական օգնություն հասցնել այդ տարածքում ապրող բնակչությանը, խոսում է դրական տեղաշարժի մասին, որը պետք է շարունակական լինի՝ միջազգային մարդասիրական իրավունքին համահունչ: Սա կարևոր առաջխաղացում էր, որը պետք է ընդլայնվի։ Բոլոր մարդիկ արժանի են ունենալու ատելությունից, անապահովությունից, սովից և հակամարտությունից զերծ կյանք»,- ընդգծել է նա: