24/09/2023 21:07
«Սուտ եք ասում, ձեր երևակայության արդյունքն է»․ Ոստիկանապետը պնդում է՝ լրագրողների նկատմամբ ուժ չեն կիրառել, անչափահասին չեն «խեղդել», պարզապես բերման են ենթարկել
Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցները երթով հասան Ոստիկանություն և ակցիան շարունակեցին այնտեղ։
Լրագրողները, շենքի մոտ նկատելով ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին, հարցեր ուղղեցին նրան՝ ոստիկանության կողմից ինչպես քաղաքացիների, այնպես էլ լրագրողների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու վերաբերյալ։
«Սուտ եք ասում»,- այսպես արձագանքեց Արամ Հովհաննիսյանը դիտարկմանը, որ լրագրողների նկատմամբ ուժ է կիրառվել։
Դիտարկմանը՝ ակցիաների մասին տեսանյութերի կադրերում ամեն ինչ կա, Արամ Հովհաննիսյանն արձագանքեց․ «Ում նկատմամբ կիրառվել է, թող գա, հայտարարություն տա»։
Արամ Հովհաննիսյանը չհամաձայնեց նաև այն պնդմանը, որ ոստիկաններն ակցիայի վայրից անչափահասին բերման ենթարկելիս՝ այնքան ուժեղ են սեղմել պարանողը, որ քիչ է մնացել՝ խեղդեն նրան։
«Չեն խեղդում։ Ծառայողական քննությամբ, եթե վարույթ լինի, կպարզեն, կասեն։ Դա ձեր երևակայությունն է, որ խեղդում էր, միգուցե բերման էր ենթարկում, ես չեմ տեսել»,- ասաց Հովհաննիսյանը։
Ոստիկանապետին հարցեր ուղղվեցին նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քեոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, իբրև ոչ թե նրա նկատմամբ է ակցիայի ժամանակ ոստիկանական ուժ կիրառվել, այլ Լևոն Քոչարյանն է «ծեծել» 4 կարմիրբերետավորի։
«Նշանակված է ծառայողական քննություն, քրեական վարույթ կա»,- ասաց Հովհաննիսյանն ու հրաժարվեց այլ հարցերի պատասխանելուց։