24/09/2023 12:21
Որոշ գործընկերներ հարվածի տակ են դնում մեր ներքին անվտանգությունն ու կայունությունը. ձեռնարկելու ենք բոլոր միջոցները` մեր անկախությունը պաշտպանելու համար. վարչապետ
Այն դաշնակիցները, որոնց վրա Հայաստանը հույս է դրել, մեր խոցելիությունը ի ցույց դնելու ու հայ ժողովրդի` անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել, այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, թե նման քաղաքականությունն ամենևին կապ չունի 2018 թվականին եկած կառավարության հետ:
«Այդ քաղաքականության դրսևորումները մենք պարբերաբար տեսել ենք վերջին տասնամյակներում, այդ քաղաքականության արտահայտություն էր նաև ապրիլյան պատերազմը, 2014, 2015 թվականներին տեղի ունեցած սահմանային լարումները և այլն: Մենք Հայաստանի անկախությունը կասկածի տակ դնող ձևակերպումներին երբեք չենք համաձայնել, բայց մտահոգիչ է այն, որ անկախ, ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու մեր կամքին ականջալուր լինելու փոխարեն` մեր որոշ գործընկերներ անվտանգության ոլորտում մեր խոցելիությունն ի ցույց դնելու գործում ավելի ու ավելի մեծ ջանքեր են գործադրում` հարվածի տակ դնելով ոչ միայն մեր արտաքին, այլև ներքին անվտանգությունն ու կայունությունը»,- ասաց Փաշինյանը:
Նա գործընկերներին կոչ արեց ու հորդորեց հարգել Հայաստանի ինքիշխանությունը:
«Մենք մեր վճռական կամքն ենք արտահայտում` ուժեղացնելու մեր պետականությունը, ինքնիշխանությունը, արտաքին ու ներքին անվտանգությունը»,-ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ արեց անսասան աջակցություն հայտնել Հայաստանի անկախությանը, ինքիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը:
«Մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները` մեր անկախությունը պաշտպանելու համար: Այս առումով անհրաժեշտ է վերափոխել, լրացնել Հայաստանի արտաքին ու ներքին անվտանգության գործիքները` համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ»,- ասաց նա: