24/09/2023 14:40
Հայ ազգը ոտքի է կանգնել, հայ ազգը մեկ բռունցք է դառնում, չի կոտրվելու ու չի նահանջելու. Սեյրան Օհանյան
Հայաստանի Հանրապետության ազգադավ իշխանության գործունեության արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հայ ազգը ոտքի է կանգնել իշխանափոխություն իրականացնելու պահանջով, այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Ի պատասխան՝ Հայաստանում գործող օկուպացիոն ռեժիմը գործի է դրել բազմապիսի բռնաճնշումների մեխանիզմներ, այդ թվում` մարդկանց ապօրինի ձերբակալելով ու կալանավորելով:
«Հայաստան» խմբակցության պատգամավորները զօր ու գիշեր, բացի բողոքի ակցիաներին մասնակցելուց, ժողովրդի հետ առաջին շարքերում գտնվելուց և շատ դեպքերում հարվածներն իրենց վրա վերցնելուց, օպերատիվ կերպով այցելում են բոլոր ձերբակալված և կալանավորված անձանց` իրավիճակին տեղում ծանոթանալու, նրանց շահերը պաշտպանելու և ըստ անհրաժեշտության գործելու նպատակով:
Միաժամանակ ձևավորվել է փաստաբանների և իրավապաշտպանների խումբ, ովքեր, իրենց մասնագիտության մեջ արհեստավարժ լինելով, նաև հայրենիքի, գաղափարի նվիրյալներ են և շտապ փաստաբանական օգնություն են ցուցաբերում ոստիկանության գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիներին:
Արդեն իսկ հարյուրավոր քաղաքացիներ են դիմել Ազգային կոմիտեին և ստացել անհրաժեշտ իրավաբանական աջակցությունը ձևավորված օպերատիվ խմբերի կատարած ահռելի աշխատանքի շնորհիվ:
Հայ ազգը մեկ բռունցք է դառնում, չի կոտրվելու ու չի նահանջելու:
Աստված պահապան բոլորին»,- նշել է Օհանյանը: