25/09/2023 16:41
Ինքնաձիգով զինված մի ոստիկան ուզում էր անգամ խփել, ուղեղը լրիվ անջատված էր, մեկ այլ ոստիկան էլ չէր ենթարկվում իր վերադասին․ Թադևոս Ավետիսյան
Այսօր բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկվածների մեջ էր նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Ավետիսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ներկայացրել է՝ ինչպես են իրեն բերման ենթարկել և ինչ իրավիճակ էր ոստիկանական բաժնում։
«Վստահ եմ, որ ցուցադրաբար, թե` տեսեք, մենք կարողանում ենք պատգամավորին բերման ենթարկել, բերման ենթարկեցին նաև ինձ: Ուզում են ասել՝ թքած օրենքի վրա, կարող ենք օրենք խախտել: ԱԺ պատգամավորին փողոցային պայքարի ժամանակ ձերբակալելն օրենքի խախտում է: Մարդիկ ծանոթ են այդ գործողություններին և ասեմ, որ ոչ մի պայքարող մարդու այն չի վախեցնում, հակառակը` դարձնում է ավելի վճռական: Ոստիկանության բաժնում էլ կոնկրետ իմ հանդեպ ոստիկաններն իրենց շատ վատ պահեցին»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։
Հարցին՝ կոնկրետ ինչպե՞ս էր դրսևորվում այդ վերաբերմունքը, նա պատասխանել է․
«Շատ վատ էին պահում, նախ գոռում էին, հրում, հետո ինքնաձիգով զինված մի ոստիկան առաջ էր գալիս, ուզում էր անգամ խփել, ուղեղը լրիվ անջատված էր` ինչքան հասկացա։ Անուն, ազգանունն արդեն հայտնել եմ ոստիկանությունում, խոստացան պատժել:
Ինձ մի բան զարմացրեց` Էրեբունու բաժնի տեղակալը փորձում էր սաստել մի ոստիկանի, բայց ոստիկանը չէր սաստվում, չէր ենթարկվում իր վերադասին․ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ թևեր են տվել, թև տվողներն էլ հավանաբար հասկանում եք՝ ովքեր են: Նման բան ես չէի տեսել:
Թրքահպատակ իշխանության ծառաները, որոնք իրենց տունն ու տեղն էլ կուրանան փողի համար, ինձ ասում են, որ ես համագործակցում եմ Ադրբեջանի հետ։ Պատկերացնո՞ւմ եք՝ էս ուր ենք հասել, ովքեր են խոսում Ադրբեջանի հետ համագործակցելու մասին, ում ծառաները….»,- ասել է Թադևոսյան Ավետիսյանը։