25/09/2023 12:20
Շարժման առաջնորդների մոտեցումը սխալ է. կարելի է սկսել «Փակի՛ր քո կողքի փողոցը» ակցիան և ամբողջ քաղաքը կպարալիզացվի. Բադալյան
Հայաստանում ներքաղաքական լարվածությունը կախված կլինի գործողությունների արդյունավետությունից, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բադալյանը։
«Եթե արդյունավետությունը ուժեղ լինի, կարող է հանգեցնել իշխանափոխության, եթե արդյունավետությունը կլինի այն մակարդակին, ինչ-որ հիմա է տեղի ունենում, որոշակի ժամանակահատված հետո, կդադարի», - ասաց նա։
Բադալյանի խոսքով՝ այն, ինչ հիմա է արվում, անարդյունավետ է. «Խնդիրը քայլերը չեն, այլ նպատակներն են։ Այսօրվա գործողություններով գրեթե կրկնում են դիմադրության շարժման քայլերը։ Իսկ այդ շարժումը տեսանք, թե ինչով ավարտվեց։ Հիմա փաստացի ստացվում է «Դիմնադրության շարժում-2»։ Քանի որ այստեղ էլ կան մարդիկ, ովքեր ղեկավարել են այն շարժումը և ուղղակի այդ շարժումը «պրավալ» են տվել։ Հիմա նորից ղեկավարում են այս շարժումը։ Բնականաբար, եթե մի անգամ «պրավալ» են տվել, երկրորդ անգամ չկա երաշխիք, որ այն հաջողություն կունենա։ Պայքարողները շատ ավելի որակով են, քան ղեկավարները։ Բայց քանի որ պայքարողները չեն տիրապետում համապատասխան մասնագիտական գիտելիքների, բնականաբար իրենց մոտ կարող է անհաջողություն լինել»։
Բադլյանը շեշտում է, որ սխալ մոտեցում են ընտրել ակցիայի ղեկավարները՝ ճանապարհները փակելու մասով. «Դրա փոխարեն կարելի է ֆլեշմոբ սկսել՝ «Փակի՛ր քո կողքի փողոցը»։ Վերջ, ուրիշ ոչ մի բան պետք չէ։ Դրանով ամբողջ քաղաքը կպարալիզացվի։ Անիմաստ է նախօորք հայտարարել և միայն կենտրոնի փողոցները փակել։ Սխալ է ուժերը կենտրոնացնել մի քանի տեղ, որտեղ ոստիկանությունը կկարողանա դա ցրել։ Եթե 10-15 հոգի դուրս գա ու իր կողքի փողոցը փակի, ապա դրանով ամբողջ մարուղիները, գլխավոր փողոցները կփակվեն ու քաղաքը կպարալիզացվի, քանի որ ոստիկանությունն այդքան ռեսուրս չունի։ Բայց քանի որ տեսնում ենք, որ չկա իշխանությունների համար խնդիրներ ստեղծելու լուրջ գործողություններ, ապա դրա համար էլ այս ճանապարհով են գնում ու հաջողություն չի լինում»։
Խոսելով ոստիկանական գործողությունների մասին, վերլուծաբանը շեշտեց, որ մեծ տարբերություն կա այսօրվա ոստիկանական գործողությունների և 2018-ի ժամանակ նրանց գործողությունների միջև. «Էն ժամանակ իրավիճակն ուրիշ էր։ 2018 թվականին Արևմուտքի պահանջով այն ժամանակվա իշխանությունները պետք է հանձնեին իշխանությունը՝ «ապստամբներին»։ Եվ դա պետք է ներկայացվեր խաղային, թատերական գործողությունների տեսքով, որը կոչվում էր «թավշյա, ոչ բռնի հեղափոխություն»։ Դրա համար հրահանգված էր ոստիկաններին ոչ մի բռնի ուժ չկիրառել։ Եթե բռնի ուժ լիներ, իշխանությունը չէր հանձնվի ու սրանք էլ չէին գա։ 15 հոգով ֆրանսիական հրապարակն էին փակել, ի՞նչ է դժվար էր այդ 15 հոգուն բռնելը»։