25/09/2023 11:33
Հայաստան տեղափոխված արցախցիները հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ են. Գորիսի փոխքաղաքապետ
Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող բոլոր նրանք, ովքեր Կոռնիձոր հասնելուց հետո ցանկություն են հայտնում ճանապարհը չշարունակել, տեղի իշխանություններն ընդունում և տեղավորում են Գորիսում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:
«Այստեղ գնահատվում են նրանց կարիքները: Նրանք, ովքեր բժշկական օգնության կամ որևէ այլ ծառայության կարիք են ունենում՝ տեղում դա կազմակերպվում է, մինչև իրենց կարիքները գնահատվեն և դրա արդյունքում համապատասխան օժանդակություն ստանան: Նրանք, ովքեր ցանկություն են հայտնում մնալ Գորիսում՝ տեղավորում ենք տեղի հյուրանոցներում, իսկ նրանք, ովքեր ուզում են մեկնել այլ բնակավայրեր՝ ենթադրենք Սիսիան, Տաթև համայնք, Վայոց ձոր՝ շարունակում են ճանապարհը: Կան մարդիկ, որոնց հարազատները գալիս դիմավորում են ու տեղավորում իրենց տներում»,- մանրամասնեց Յոլյանը՝ հավելելով, որ տեղափոխված արցախցիները հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ են: