25/09/2023 22:46
Ինչպե՞ս պետք է Հայաստանում գործեն օտարերկրյա ԶԼՄ-ները․ ԱԳՆ հայտարարությունը
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Հայաստանում օտարեկրյա լրատվամիջոցների գործունեության կարգի վերաբերյալ։ Հայտարարությունում նշված է․
«Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ԱԳ նախարարի 2023թ. հուլիսի 27-ի 1943-Ն հրամանով հաստատված «Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցչի՝ լրագրողի՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կարգը սահմանելու մասին» դրույթների` Հայաստանի Հանրապետություն այցելող օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրագրողի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան հավատարմագրման առկայության դեպքում:
Վերոնշյալի առնչությամբ հորդորում ենք օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչներին՝ լրագրողներին՝ Հայաստանի Հանրապետությունում լրատվական գործունեություն իրականացնելիս առաջնորդվել և խստիվ պահպանել բացառապես ՀՀ ԱԳ նախարարի 2023թ. հուլիսի 27-ի 1943-Ն հրամանով հաստատված ընթացակարգերը, այլապես վերջիններս կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»: