25/09/2023 12:30
Արցախում իրականացվում են զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողափրկարարական աշխատանքներ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ՆԳՆ ղեկավար կազմի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, տվել մի շարք հանձնարարականներ և ցուցումներ` դեպի ՀՀ քաղաքացիների անվտանգ երթևեկը կազմակերպելու, ինչպես նաև Արցախում գտնվող մեր հայրենակիցների ներքին անվտանգության, ճանապարհային երթևեկության և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ։
Ստեղծված իրավիճակը և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով մարդկանց մեծաքանակ հոսքը դեպի Հայաստանի Հանրապետություն առաջացրել է խցանումներ։
«Այդ իսկ պատճառով հորդորում ենք`
Խուճապի չմատնվել և չշտապել` Արցախը Հայաստանին կապող միջանցքը չծանրաբեռնելու համար։
Բնակչության տեղափոխումը կատարվում է փուլային տարբերակով, որի համար սահմանված ժամկետներ չկան։ Գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ չապահովեն ՀՀ ուղևորվելու ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխումը։
ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է իր առաքելությունը՝ իրականացնելով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների, ինչպես նաև դեռևս անհայտ համարվող մեր հայրենակիցների որոնողափրկարարական աշխատանքները։
Այս ուղղությամբ կատարված աշխատանքները նախագահին ներկայացրել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը։
Օպերատիվ շտաբի թեժ գիծ- 047 957551»,- ասվում է հաղորդագրությունում։