25/09/2023 12:02
Նմանատիպ հուզական իրավիճակում ոստիկանության գործողություններն անընդունելի են. իրավապաշտպան
Ցանկացած նմանատիպ հուզական իրավիճակում ոստիկանության գործողություններն ինձ համար անընդունելի են, Aysor.am-ի հետ զրուցյում, անդրադառնալով ակցիայի ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամաբ բիրտ ուժի կիրառմանը, ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ հանրությունն առանց այդ էլ գտնվում է ծանր վիճակում և ոստիկանական գործողությունները պետք է լինեն չափավոր, գրագետ և մարդակենտրոն.
«Այս դեպքում կային անհատական բիրտ ուժի և ոչ համաչափ ուժի նկիրառում, որը կարող էր և չլինել։ Մյուս կողմի ինձ համար նաև խնդրային է ոստիկանների ուղղությամբ քարեր նետելը, քանի որ խաղաղ ցույցերն իրենցից ենթադրում են նաև խաղաղության պահպանում և որևէ պրովակացիայի չգնալու կոչեր։ Այդ իմաստով, կարծում եմ, որ պետք է հստակորեն պահպանվի ոստիկաններին չվնասելու և անկարգություններ թույլ չտալու սկզբունքը։ Ինչ վերաբերում է ոստիկանական գործողություններին, իհարկե, դեռևս մենք չունենք մեր ցանկացած այն ոստիկանական մոտեցումը, որը կարող էր գրագետ և համաչափ լիներ ակցիաների իրականացման ժամանակ»։
Հարցին, թե իրավապաշտպան հանրությունն այս մասով անելիքներ արդյո՞ք չունի, ի՞նչ է անում, Հովհաննիսյանը պատասխանեց. «Իրավապաշտպան հանրությունը, հատկապես այն կազմակերպությունները, որոնք ոստիկանական ռեֆորմների և ոստիկանության վերապատրաստման շրջանակներում ներգրավված են, հայտարարություններ արել են, նամակներ են հղել, կոնկրետ խնդիրները բարձրաձայնել են՝ կապված ոստիկանության գործողությունների հետ»։
Համեմատականներ անցկացնելով 2018 թվականի ոստիկանական գործողությունների հետ, իրավապաշտպանը նշեց, որ մեծ տարբերություն չի տեսնում. «Նույն լուսաձայնայինների կիրառումը, որոնք մարդկանց վնասվածքներ է հասցրել, նույն խոսույթը, որը առկա էր 2018 թվին։ Այնպես որ, ես դեռևս որևէ փոփոխություն չեմ արձնագրում»։