25/09/2023 20:41
Երևանում կայացել է ՌԴ և ՀՀ ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստը
Սեպտեմբերի 25-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՌԴ ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ, հայտնում են ՆԳՆ-ից։
Հաղորդագրությունում նշված է․
««Զվարթնոց» օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Նույն օրը Երևանում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստը, որին մասնակցում էին ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի և ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունները:
Նիստին ներկա էր նաև ԱՊՀ մասնակից երկրների տարածքում Կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովը։
Վահե Ղազարյանը բացման խոսքում ընդգծել է, որ երկու նախարարությունների Միավորված կոլեգիան շարունակում է կարևոր մեխանիզմ լինել հանցավորության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացման գործում: Կոլեգիայի նիստերում քննության առարկա են դառնում կողմերին հետաքրքրող բոլոր հարցերն ու խնդիրները, համատեղ մշակվում են կոնկրետ քայլեր` երկու պետություններում քրեածին իրավիճակի բարելավման, ինչպես նաև ժամանակակից սպառնալիքներին ու մարտահրավերներին հակազդելու ուղղությամբ:
Ելույթի ավարտին Վահե Ղազարյանը հույս է հայտնել, որ Միավորված կոլեգիայի երևանյան նիստում կայացված որոշումները նոր մակարդակի կբարձրացնեն երկու գերատեսչությունների արդյունավետ փոխգործակցությունը:
Միավորված կոլեգիայի նիստում ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: Նա շնորհավորել է հայկական կողմին Անկախության տոնի առթիվ և խոսել հանցավորության դեմ պայքարի շրջանակներում երկու իրավապահ կառույցների համագործակցության, իրականացված աշխատանքի և նախատեսվող միջոցառումների մասին։
Ելույթից հետո նիստի մասնակիցներն անցել են առաջադրված խնդիրների քննարկմանը:
Օրակարգում հետևյալ հարցերն էին:
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարությունների համագործակցությունը նախաքննությունից և արդարադատությունից թաքնվող հանցագործների հետախուզման, անհետ կորած քաղաքացիների որոնման, դիակների նույնականացման ոլորտում և այդ ուղղությամբ տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացումը:
Փոխգործակցության հեռանկարները ՌԴ և ՀՀ ներքին գործերի մարմինների կադրերի պատրաստման և գործունեության գիտական ապահովման բնագավառում:
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարությունների Միավորված կոլեգիայի 2025 թվականի աշխատանքի պլանի նախագծի մասին:
Օրակարգի հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՌԴ և ՀՀ ՆԳ նախարարությունների համապատասխան կառույցների պատասխանատուները:
Հարցերի առարկայական քննարկումից հետո ընդունվել են կոնկրետ որոշումներ:
Նիստը եզրափակիչ ելույթներով ամփոփել են Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:
Ավարտին ստորագրվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստի ամփոփիչ փաստաթղթերը»: