25/09/2023 15:14
Հասկանալի քաղաքականություն է իրականացնում Արևմուտքը. Արցախը հանձնվում է ամբողջությամբ, բոլորին տեղահանում են, խաղաղապահներին հանում են, 102-րդ ռազմաբազայի փոխարեն կլինի ամերիկյանը. վերլուծաբան
Հասկանալի քաղաքականություն է իրականացնում Արևմուտքը Հարավային Կովկասում, դա արդեն բացահայտ երևում է, Aysor.am-ի հետ զրուցյում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բադալյանը։
«Արցախը հանձնվում է ամբողջությամբ, բոլորին տեղահանում են, որից հետո այնտեղ խաղաղապահների ներկայությունը դառնում է անիմաստ և հեռանալու են։ Այնուհետ ՀՀ-ում անիմաստ է դառնում 102-րդ ռազմաբազայի գտնվելը։ Արևմուտքը, ԱՄՆ-ն ինչ-որ փաստաթղթեր կստորագրեն ՀՀ իշխանությունների հետ անվտանգության համակարգի հետ կապված։ Խոսքն այստեղ ՆԱՏՕ-ին չի վերաբերում, այլ հենց ԱՄՆ-ին։ Դրանից հետո կսկսվի ՀՀ-ում ՌԴ-ի հետ նույն ռազմաքաղաքան ու տնտեսական միությունների կազմաքանդման գործընթաց։ Փաստացի, ՀԱՊԿ-ը ՀՀ-ում արդեն գոյություն չունի։ ՀՀ իշխանությունները այդ կառույցի հետ հարաբերությունները սառեցրել են։ Հավանական է, որ 102-րդ ռազմաբազայի փոխարեն ՀՀ-ում կտեղավորվի ամերիկյան ռազմաբազա, ինչը մտնում է ԱՄՆ-ի շահերի մեջ», - ասաց նա։
Վերլուծաբանի խոսքով՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերումը ՀՀ-ից մի քանի հարց կլուծի. «Հարավային Կովկասը կազատվի ռուսական ռազմական ներկայությունից։ Իսկ եթե չկա ռազմական ներկայություն, տնտեսական, քաղաքական միությունների մասին խոսելն արդեն իմաստ չունի։ Դա ինչ-որ չափով կհակակշռի Թուրիքային, որպեսզի իրեն գերհզոր պետություն չզգա։ Դա նաև Իրանի պարագայում «պրոֆիլակտիկ բուժման» միջոց կհանդիսանա, հայ հասարակական միտքն էլ, բնականաբար, կթեքվի ԱՄՆ, որից հետո հայ-ռուսական հարաբերությունները կլինեն զուտ հարևանային հարաբերություններ, ինչպես, օրինակ, ՀՀ-Բելառուս։ Բնականաբար ՀՀ-ում էլ կփակվեն ռուսական լրատվամիջոցները։ Սա արդեն նկատելի է։ Քանի որ առաջին քայլը պետք է լիներ Արցախի հանձնումն Ադրբեջանին, ինչը մենք տեսնում ենք»։
Դիտարկմանը, թե սրանով կպայթի՞ այն միֆը, թե Ռուսաստանն է հանձնում Արցախը, Բադալյանը նկատեց. «Այս պահի դրությամբ հասարակության մոտ պատմականորեն ամենաբարձր կետում է գտնվում հակառուսականությունը, քանի որ մարդիկ մտածում էին՝ որտեղ կանգնած է ռուս զինվորը, այնտեղ ադրբեջանցին չի համարձակվի հարձակվել։ Բայց հասարակությունը տեսավ, որ ռուս զինվորը կանգնած է, կարևոր չէ՝ ինչ կարգավիճակով, ու ադրբեջանցին հարձակվում է, ռուս զինվորին սպանում է, ՌԴ-ն ձայն չի հանում և բնաջնջում են հայերին։ Բնականաբար, դրանից հետո հասարակության մոտ կարծիք է ձևավորվում, որ ռուսական կողմը չպաշտպանեց Արցախը և ավելին՝ հանձնեցին՝ պատժելու համար ՀՀ վարչապետին։ Այս գաղափարն է, որ հիմա իշխում է հասարակության մոտ»։