26/09/2023 09:26
«Ժողովուրդ». ՔՊ-ականները հանդարտվել են, իսկ խուճապն անցել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ վերջին օրերին ՔՊ-ականները ներքին քննարկումներ են ունեցել երկրում ստեղծված իրավիճակի, ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքների և փողոցներ փակելու մասին: Ուժայինների զեկույցների հիման վրա արված իրավիճակի գնահատումից հետո ՔՊ-ականները հանդարտվել են, և խուճապն անցել է: ՀՀ ոստիկանությունից ՔՊ-ին զեկուցվել է, որ գնալով շարժումը մարում է։ Ըստ ուժային կառույցների ներկայացրած վիճակագրության՝ շարժումը մարում է, քանի որ առաջնորդները հստակ գործողություններ չեն իրականացնում, ինչը դժգոհություն է առաջացնում մարդկանց մոտ:
Սա է պատճառը, որ վերջին օրերին՝ մի քանի օրվա լռությունից հետո, ՔՊ-ական որոշ գործիչներ սկսել են հայտնվել ֆեյսբուքյան ստատուսների և հայտարարությունների մակարդակով: ՔՊ-ականները ոգևորվել են այդ լուրից և ընդդիմադիրներին թիրախավորում և քննադատում են այն բանի համար, որ իրենք, փողոցից գալով, հասել են իշխանության, իսկ ընդդիմադիրների կազմակերպած հավաքները ինչպես արագ կազմակերպվում են, նույնքան արագ էլ ցրվում են։
Կարճ ասած, ՔՊ-ականները վստահ են, որ այս անգամ ևս ընդդիմությանը չհաջողվեց իշխանությունը վերցնել: Հիշեցնենք, որ այս նույն ՔՊ-ականները Երևանի ավագանու ընտրություններին ևս վստահություն ունեին, որ 50%+ ձայն կստանան, սակայն ստացան 32,57%, ու մինչ օրս Երևանը նոր քաղաքապետ չունի»։