26/09/2023 17:59
Ինչպե՞ս է լուծվելու Արցախից տեղահանված երեխաների կրթության հարցը
ԿԳՄՍՆ-ում խորհրդակցության ժամանակ քննարկել են Արցախից տեղահանված երեխաների կրթությունն ապահովելու գործընթացը, հայտնում են նախարարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտների և ուսանողների կրթության շարունակությանն ու անընդհատության ապահովմանն առնչվող հարցերը:
Քննարկմանը մասնակցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության, բարձրագույն և հետբուհական, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչությունների պետերը, ոլորտի այլ պատասխանատուներ։
Խորհրդակցության առանցքային կետերից են եղել բռնի տեղահանված դպրոցականների՝ ուսումնական գործընթացից դուրս չմնալու, ինչպես նաև ուսումնարանների, քոլեջների և բուհերի ուսանողների՝ ուսումը ՀՀ ուսումնական հաստատություններում շարունակելու հարցերը: Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հնարավորություն ունեն իրենց կրթությունը շարունակելու ՀՀ դպրոցներում՝ ըստ համապատասխան բնակավայրերի:
Կարևորվել է նաև սովորողների անձնական տվյալների պաշտպանությունը, ինչպես նաև նրանց հետ հոգեբանական աշխատանքներ տանելու անհարժեշտությունը, որը պետք է ապահովվի կրթական գործընթացին զուգահեռ:
Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների տվյալների հավաքագրման և նրանց՝ դպրոցներում առկա թափուր աշխատատեղերում ներգրավման հարցը»: