26/09/2023 21:54
«Իսկական դժոխք կարծես լիներ»․ Տեղահանության ճանապարհին 60-ամյա տղամարդ է մահացել
Արցախից Գորիս տեղահանության ճանապարհին մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել, News.am-ին հայտնել է Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը՝ նշելով որ դեպքը տեղի է ունեցել Արցախի Հանրապետության տարածքում՝ մինչև Հակարիի կամուրջ հասնելը:
«Մենք էլ չհասկացանք՝ ոնց տեղի ունեցավ դեպքը: Մոտ 60 տարեկան տղամարդ էր, Շուշիից տեղահանված էր, ընտանիքի՝ որդիների, կնոջ, հարսների հետ էին գալիս, դուրս եկավ, ձորի մոտ էր կանգնած, չհասկացանք՝ գլուխը պտտվեց, թե ինֆարկտ էր ստացել, ու գլորվել էր ձորը: Տղաները մինչև հասան, մահացել էր, դին տեղափոխել են Գորիս»,-ասել է նա:
Լուսինե Ղարախանյանը հավելել է, որ շատ ծանր ու տհաճ զգացողություններով են բոլորը դուրս գալիս Արցախից. «Դժոխքից ենք գալիս, իսկական դժոխք կարծես լիներ, իսկ ադրբեջանցիները չարախնդում են: Հողը մերն է, այն մեզ է էներգիա տալիս, իսկ իրենց կործանելու է: Պատմությունը ցույց է տալիս՝ Արցախը շատ անգամ է ընկել, բայց մնացել է հայկական»: