26/09/2023 16:48
Եվրահանձնաժողովը 5 մլն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
Եվրահանձնաժողովն ակնկալում է Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային ելք դեպի Հայաստան և ստեղծված ճգնաժամով պայմանավորված՝ 5 միլիոն եվրո կտրամադրի մարդկանց աճող կարիքների բավարարման համար։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրությունը։
5 միլիոն եվրոյից 500 000-ը կուղղվի արտակարգ աջակցությանը, որի մասին հայտարարվել է անցյալ շաբաթ, իսկ 4,5 միլիոն եվրո նոր ֆինանսական աջակցությունը կհատկացվի հետևյալ նպատակների համար՝
- աջակցություն Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված մարդկանց։ Այս օգնությունը կմատակարարվի Հայաստանում գործող ԵՄ գործընկեր տարբեր հումանիտար կազմակերպությունների միջոցով և կհասնի շուրջ 25 000 մարդու։ Առաջնահերթությունն է տրամադրել կանխիկ դրամական օգնություն, օթևան, ապահովել պարենային անվտանգություն և ապրուստի միջոցների աջակցություն։
- Աջակցություն Լեռնային Ղարաբաղի ներսում խոցելի մարդկանց։ Այս օգնությունը կտրամադրվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով և նպատակ ունի շուրջ 60 000 մարդու օգնել սննդով, բուժօգնությամբ, ապաստանով և լոգիստիկայով։
«Մենք պետք է պատրաստ լինենք՝ աջակցելու հազարավոր մարդկանց, որոնք որոշել են փախչել Լեռնային Ղարաբաղից, հատկապես հաշվի առնելով, որ առաջիկա ձմեռը, ամենայն հավանականությամբ, փախստականներին կկանգնեցնի լրացուցիչ մարտահրավերների առաջ: ԵՄ-ն կտրուկ ընդլայնում է իր հումանիտար օգնությունը տարածաշրջանում՝ արտակարգ աջակցություն տրամադրելու կարիքավոր մարդկանց ինչպես Լեռնային Ղարաբաղի անկլավում, այնպես էլ այժմ Հայաստան տեղահանված մարդկանց: ԵՄ-ն հանձնառու է համակարգել մարդասիրական ջանքերը տեղում՝ օգնելու այս հակամարտությունից տուժածներին», - ասել է Ճգնաժամերի կառավարման հարցերով եվրահանձնակատար Ջանեզ Լենարչիչը։
Բացի այդ, հաղորդագրությունում նշվում է, որ ԵՄ-ն նաև մարդասիրական հարցերով փորձագետի կտեղակայի տարածաշրջանում, որը տեղում կաշխատի մարդասիրական գործընկեր կազմակերպությունների հետ՝ ապահովելու արագ արձագանք ճգնաժամին։