26/09/2023 13:09
Հայ դատի հանձնախումբը Կոնգրեսի 80-ից ավելի գրասենյակների ներկայացրել է ԱՀ-ի հումանիտար ճգնաժամը
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը առցանց լսումների ընթացքում Կոնգրեսի ավելի քան 80 գրասենյակների ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող ծայրահեղ ծանր իրավիճակը, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված լայնածավալ հարձակման, դրան նախորդող ավելի քան 9 ամիսների շրջափակման, ինչպես նաև` ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարությունը։
Քննարկումը վարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի՝ կառավարության հետ կապերի հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը, տեղում իրավիճակը ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։
Հանձնախումբն արձանագրում է, որ չնայած Կոնգրեսի անդամների, ամերիկահայ համայնքի, իրավապաշտպան տարբեր կազմակերպությունների բազմաթիվ կոչերին, վերջին երեք տարիների ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հրաժարվել է հումանիտար օգնություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն շարունակել է ռազմական աջակցությունն Ադրբեջանին։
Լսումների ընթացքում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ամերիկյան և միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել «Արցախում և դեպի Հայաստան մարդասիրական միջանցքի երկայնքով՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը Ադրբեջանի հետագա ագրեսիայից»։
Կոչ է արվել նաև արգելափակել ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ հարձակման և ցեղասպանական գործողությունների համար։