26/09/2023 17:06
Բառեր չկան նկարագրելու՝ ինչ հոգեվիճակով և ֆիզիկական ինչ վիճակում են Արցախից տեղահանված մեր հայրենակիցները հասնում Գորիս․ Իրինա Յոլյան
Արցախից Գորիս քաղաք մտնող մարդկանց հոսքն այնքան մեծ է, որ այս պահի դրությամբ կոնկրետ թվաքանակ ասել չենք կարող։ Օրվա ավարտին, երբ կենտրոնը կհաշվառի մուտքի թվերը, պատկերն ավելի հստակ կդառնա,-«Փաստինֆո» -ին ասել է Սյունիքի Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը և հավելել՝ մարդկան հոսքը չի դադարում, բառերով անհնար է նկարագրել բարոյահոգեբանական այն վիճակը, որը տիրում է այս օրերին Գորիսում։
Արցախից տեղահանվածները մտնում են Գորիս, տեղում բացված ընդունման կետում գնահատվում են նրանց կարիքները, կարճ ընդմիջում են կատարում՝ երեխաների համար տաք կերակուր, քաղցրավենիք է տրամադրվում, կազմակերպվում բուժզննում։ Նրանք, ովքեր երկարաժամկետ բուժման կարիք ունեն՝ ուղղորդվում են հիվանդանոցներ, կարիքի դեպքում՝ խնամակալներ են տրամադրվում։ Ովքեր կացարանի խնդիրներ ունեն՝ տեղափոխվում են խնամքի կենտրոններ և այն վայրերը, որտեղ կարող են գիշերել, ասել է Իրինա Յոլյանը։
Այս պահի դրությամբ Գորիս քաղաքի բոլոր հյուրանոցներն ու հյուրատները զբաղված են Արցախից բռնի տեղահանվածներին գիշերակացով ու կացարաններով ապահովելու գործով։ Երեխաների համար նախատեսված հատուկ անկյուն կա, որտեղ նրանք կարող են մնալ այնքան, մինչև ծնողները կգրանցվեն և ընթացիկ այլ հարցեր կլուծեն։
Յոլյանն ասել է՝ այս պահի դրությամբ արցախցիներին ուղղորդելու համար նախատեսված մարզեր և բնակավայրեր կան, որոնք արդեն պատրաստ են ընդունել մեծ թվով տեղահանվածների, օրինակ՝ Վայոց Ձոր և Գեղարքունիքի մարզերը։ Կան նաև այնպիսի ընտանիքներ, որոնք իրենց սեփական մեքենաներով են և իրենք են որոշում, թե հանրապետության որ հատվածում պետք է կանգ առնեն, որտեղ հարազատներ և բարեկամներ ունեն, ովքեր նրանց կընդունեն, օթևան կտրամադրեն։ Նրանք գրանցվում են այստեղ, ստանում առաջին օգնությունն ու շարունակում իրենց ճանապարհը՝ սեփական հայեցողությամբ։
Չափազանց ծանր է ականատես լինել այն իրողությանն ու տեսարաններին, որ այս օրերին տեղի են ունենում Արցախից բռնի տեղահանվածների ընդունման կետում՝ Գորիսում, սա պետք է տեսնել, ընդգծել է Իրինա Յոլյանը․
«Բառեր չկան նկարագրելու՝ ինչ հոգեվիճակով և ֆիզիկական ինչպիսի վիճակով են Արցախից տեղահանված մեր հայրենակիցները հասնում Գորիս։ Մարդիկ հյուծված են, օրերով դրսերում են գիշերել, վախեցած են։ Սարսափելի պատմութուններ կան…Շատ մարդիկ չեն հասցրել անգամ հուղարկավորել իրենց հարազատներին, շատ ընտանիքներ կորցրել են իրենց հարազատներից շատերին ու չեն կարողանում գտնել։ Այս ամենը բառերով նկարագել ուղղակի հնարավոր չէ…»։