26/09/2023 21:03
Արմեն Գրիգորյանն ու Չարլզ Ֆրիզը ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում համարում են ՀՀ-ԵՄ հարաբերություններում կարևոր ձեռքբերում
Սեպտեմբերի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության և ճգնաժամային արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի հետ, հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
Հաղորդագրությունում նշված է․
«Հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը՝ անդրադառնալով փախստականների հիմնախնդրին: Մտքեր են փոխանակել տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակի մասին:
Զրուցակիցները կարևորել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունը և գործունեությունը Հայաստանում, որպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքում կարևոր ձեռքբերում:
Կողմերը քննարկել են նաև համագործակցության հնարավոր եզրերը՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականություն շրջանակներում»: