26/09/2023 09:37
«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը կեղծ ցուցմունք է տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 21-ին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հայհոյած՝ 44-օրյա պատերազմի հերոս Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, կալանավորել են։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ,որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին Քննչական կոմիտե են կանչել ու հարցաքննել, որտեղ նա ցուցմունք է տվել ու ասել, որ իրեն հայհոյել են, իսկ ինքը որևէ հայհոյանք չի տվել։ Քննիչը, լսելով ՔՊ-ական պատգամավորին, ավելի ուշ այլ բան է պարզել. նրան ներկայացրել են տեսանյութ, որով հիմնավորվել է, որ պատգամավորը կեղծ ցուցմունք է տվել:
Իրականում Աղազարյանը ևս հայհոյել է և առանց ամաչելու ստել է քննիչին, փաստացի կեղծ ցուցմունք է տվել։ Նշենք, որ Հովիկ Աղազարյանը առաջին անգամ չէ նման պատմության մեջ հայտնվում։ Նա ամիսներ առաջ Արաբկիր վարչական շրջանում քաղաքացու կարտոֆիլն էր ոտքով հրել ու թափել, սակայն իրավապահները նրան խուլիգանության համար պատասխանատվության չկանչեցին: Արցախցի Տաթև Վիրաբյանին էր անձնական նամակով հայհոյել ու կրկին անպատիժ մնացել։
Այնինչ, երբ ՔՊ-ականի հայհոյեցին, իրավապահները անմիջապես գործի անցան ու զինվորի հորը կալանավորեցին. սա ընտրովի արդարադատության հերթական դրսևորումն է»։