27/09/2023 16:22
Շուրջ 100 ընտանիք դիմել է դպրոց՝ երեխաների ուսումը կազմակերպելու հարցով. Անդրեասյան
Հասկանում ենք, որ այս պահին առաջնայինը ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների կեցության, բուժօգնության, սննդով ապահովելու ծրագրերն են, սակայն կրթության իրավունքը ևս առաջնային է, և մենք պետք է առանց ժամանակ կորցնելու ապահովենք նրանց շարունակական կրթությունը, հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այս պահի դրությամբ արդեն ունենք դպրոցներ դիմող շուրջ 100 քաղաքացի՝ տարբեր մարզերում։ Սա վկայում է այն մասին, որ երբ քաղաքացիներն ունեն իրենց առաջնային կարիքների մասով որոշակի հստակություն առաջին հերթին դիմում են դպրոց և դա շատ լավ է։ Մեր դպրոցները պատրաստ են դրան, մենք շրջաբերական ենք ուղարկել դպրոցներին, որտեղ հստակ հրահանգներ ենք տվել, թե ինչպես պետք է կազմակերպել գործընթացը։ Ուզում եմ տեղեկացնել, որ փաստաթղթային որևէ խոչընդոտ չի լինի»,-ասաց Անդրեասյանը։
Նա ավելացրեց, որ Արցախում գործել է 108 ուսումնական հաստատություն՝ շուրջ 21 հազար սաներով․«Ուսուցիչների թիվն էլ եղել է 1500-ին մոտ։ Կարծում եմ, որ մեր համակարգը պատրաստ կլինի դրան»։