27/09/2023 14:35
Գերմանիան մեծացնում է հումանիտար աջակցությունն ու հնարավորինս շուտ ԼՂ դիտորդներ ուղարկելու ցանկություն հայտնում
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, X-ի իր միկրոբլոգում Բերբոքը գրել է, որ հազարավոր երեխաներ, կանայք և տղամարդիկ Լեռնային Ղարաբաղում այնքան վախեցած են իրենց ֆիզիկական կյանքի համար, որ այլ ելք չեն տեսնում, քան ճանապարհ ընկնել դեպի Հայաստան՝ հաճախ միայն ամենաանհրաժեշտ իրերով և ամբողջովին լեփ-լեցուն մեքենաներով:
«Յուրաքանչյուր ժամ նրանց թիվն ավելանում է: Ոչ ոք իրականում չգիտի, թե ինչպիսին է Լեռնային Ղարաբաղում մարդկանց վիճակը։ Այժմ անհրաժեշտ է թափանցիկություն և տեղում միջազգային հանրության աչքերն ու ականջները: Մենք մեր գործընկերների հետ աշխատելու ենք հնարավորինս արագ դիտորդներ ուղարկելու ուղղությամբ։
Վստահության ապացույց առ այն, որ Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և բարեկեցության իր խոստումներին, կլիներ այն, եթե Ադրբեջանը թույլ տար միջազգային դիտորդների ներկայությունը։
Գրեթե ամեն ինչ դեռ պակասում է։ Լաչինի միջանցքով օգնությունը չպետք է մարդկանց հասնի մաս-մաս, այլ հուսալիորեն և միշտ։ Ես որոշել եմ ԿԽՄԿ միջոցով մեր մարդասիրական օգնությունը 2-ից դարձնել 5 մլն եվրո»,- գրել է Անալենա Բերբոքը։