27/09/2023 13:24
Պետք է յուրաքանչյուր բռնի տեղահանվածի հարցաքննել՝ կիրառված բռնությունների, թողնված կամ ոչնչացված գույքի առնչությամբ․ Դանիելյան
Արցախից հարկադիր տեղահանվածների մասով զուտ իրավական ասպեկտներով խիստ անհրաժեշտ աշխատանք կա անելու, հետո ոչ միայն ուշ կլինի, այլև անհնար, գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
«Մեկ քրեական գործի վարույթի շրջանակերում հնարավորինս սեղմ ժամկետում հարկ է յուրաքանչյուր բռնի տեղահանվածի հանգամանորեն հարցաքննել՝ կիրառված բռնությունների, թողնված կամ ոչնչացված անշարժ ու շարժական գույքի, դրանց առկայությունը հավաստող ապացույցների և նմանաբնույթ այլ հարցերի առնչությամբ: Քրեական գործին հարկ կլինի կցել ցուցմունքների հավաստիությունը հիմավորող փաստաթղթեր և այլ ապացույցներ, ընդհուպ՝ հեռախոսներով և այլ սարքավորումներով կատարված նկարահանումները: Օրինակ՝ հարկ կլինի բուժհաստատություններից առգրավել բոլորի հիվանդության պատմությունները. հուսանք, որ բռնության ենթարկվածները ենթարկվում են բուժզննության՝ հետագայում պատշաճ փորձաքննություն իրականացնելու համար:
Ինչ խոսք, սա ահռելի ծանր ու աշխատատար գործընթաց է, սակայն հաշվի առնելով իբր միլիարդների հասնող պատճառված վնասի դիմաց Հայաստանի տարածքներից, մասնավորապես Սյունիքն ամբողջությամբ հանձնելու թուրքիայի հոխորտանքները, ինչպես նաև այդ մարդկանց կարգավիճակը հստակեցնելու հրատապ հարցադրումները և այլն, վստահ եմ, որ կգտնվեն կամավորներ: Ինքս պատրաստ եմ անհատույց իրականացնել այդպիսի աշխատանք: Մասնագիտական աջակցության համար նպատակահարմար է դիմել նաև միջազգային կառույցներին, ինչը նաև խնդիրը հանրայնացնելու լավագույն միջոցներից է», - նշել է նա։