27/09/2023 09:31
«Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենա Երևանը, դեռևս մնում է անհայտ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 10-ին նախատեսված է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում պետք է ընտրվի Երևանի նոր քաղաքապետ, քանի որ որևէ ուժ չի ստացել 50%+1 ձայն: Նշենք, որ, ըստ Ընտրական օրենսգրքի, եթե որևէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվում է բաց քվեարկության միջոցով:
Այդ դեպքում ավագանու լիազորությունները ստանձնելու պահից հետո` երկշաբաթյա ժամկետում, ավագանին պետք է ընտրի քաղաքապետ։ Ըստ օրենքի՝ եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե ավագանին չկարողանա երկշաբաթյա ժամկետում համաձայնության գալ ու չընտրի քաղաքապետ, ըստ ԿԸՀ նախագահի, կառավարությունը երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո պետք է ավագանու արտահերթ ընտրություններ նշանակի։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունեն նրանք, և արդյոք կառաջադրեն Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: «Նման իրավիճակում մեր կուսակցությունը համենայնդեպս մոտակա մեկ շաբաթը չի կարող որևէ հայտարարություն անել, քանի որ այդ մասով որևէ քննարկում չունենք: Երբ գա հոկտեմբերի 10-ը, դրանից 1-2 օր առաջ կանենք քաղխորհրդի նիստ, կորոշենք»:
«Ազգային առաջընթաց» կուսակցությունն իր առաջին դեմքի՝ Հայկ Մարությանի հետ գտնվում է ընդհատակում՝ որևէ կերպ չարձագանքելով զանգերին: Նույն իրավիճակում է նաև «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը, սակայն հրապարակային ելույթներում, կարծես թե, նրա դիրքորոշումը՝ իշխող քաղաքական ուժի հետ կապված, պարզ է. հավելյալ մանրամասներ նրանց կողմից հայտնի չէ:
«Հանրային ձայն» կուսակցությունից Տիգրան Ուլիխանյանը հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ևս շարունակում է լռելյայն ապրել. նրանց էլ, կարծես թե, այս իրավիճակը ձեռնտու է: Թե ինչ ճակատագիր կունենա Երևանը, դեռևս մնում է անհայտ. անհայտությունը կարծես դուր է գալիս նաև ավագանու անդամներին»։