27/09/2023 09:30
«Հրապարակ». Հանրահավաքը հետաձգելու որոշումը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվա հանրահավաքը հետաձգելու Ազգային կոմիտեի որոշումը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել ինչպես ընդդիմադիր շրջանակների մոտ, այնպես էլ պայքարող մարդկանց։
Հիշեցնենք, որ 19.00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքից երկու-երեք ժամ առաջ կոմիտեն հանդես եկավ հանրահավաքը հետաձգելու մասին հայտարարությամբ, որտեղ շատ թույլ փաստարկներ էին բերել, թե ինչու են հետաձգում.
«Սիրելի հայրենակիցներ, շարունակվում է կեցության նվազագույն պայմանների կարիք ունենեցող բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր հայրենակիցների հոսքը Հայաստանի Հանրապետություն։ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների պատճառով հարյուրավոր արցախահայերի աճյունները տեղափոխվում են մայր հայրենիք: Ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցները, Ազգային կոմիտեն իր աջակիցներով և անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին։ Նկատի առնելով նշվածը՝ այսօր, ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է»։ Ընդ որում՝ չի նշվում, թե երբ է հաջորդ հանրահավաքը` հաջորդ հավաքի «օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնեն», չնայած «Ազգային կոմիտեն վերահաստատում է իր համոզմունքն ու վճռականությունը. համազգային այս ողբերգության մեղսակից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռացվելու է, երկրում ձևավորվելու է ժողովրդի և պետության անվտանգությունն ապահովող ազգային իշխանություն»։ Հիշեցնենք, որ կոմիտեի կազմում են Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, Հայկ Մամիջանյանը, Անդրանիկ Թևանյանը և Ավետիք Չալաբյանը։
Երեկ մարդիկ դժգոհում էին, որ հանրահավաքի չեղարկման պատճառներն անհիմն են, պետք է հավաքվել և հենց հրապարակում որոշել՝ ինչպես օգնել մեր հայրենակիցներին: Կար կարծիք, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ կոմիտեն չունի ասելիք, ելույթներն ու գործողությունները դեժավյու են առաջացնում: Ոմանք ասում էին, որ 5 հոգով ազգի ճակատագիրը վճռելու իրավունք չունեն, և անգամ «Ազգային կոմիտեն ապազգային է»։
Մենք տեղեկացանք, որ Ազգային կոմիտեում վերջին օրերին լուրջ տարաձայնություններ են առաջացել, մեղադրել են մեկմեկու, մեկին գործընկերոջ հռետորիկան դուր չի եկել, մյուսին՝ անհասցեականությունը։ Վազգեն Մանուկյանն առաջարկել է կոնկրետ գործողությունների անցնել` քայլելով մաշեցնելու են շարժումը: Բայց մյուսները վախեցել են պատասխանատվություն վերցնել՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանուն աթոռի արյուն թափելու, բայց այդ արյունն իրենց վրա է մնալու: Քննադատել են Ավետիք Չալաբյանին` Փաշինյանին անվանական չքննադատելու համար, Թևանյանի ելույթում են թերություններ հայտնաբերել: Մի խոսքով՝ անգամ կոմիտեի փոքր կազմը երաշխիք չէ, որ հայերն ընդհանուր հայտարարի կգան, ինչն էլ դարձել է հանրահավաքը հետաձգելու պատճառ»։