27/09/2023 09:58
«Հրապարակ». ՔՊ-ն որոշել է մեկ մանդատի հարցը լուծել մարդագողությամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում տեղի ունեցող իրադարձությունների և ներքաղաքական իրավիճակի սրման ֆոնին Փաշինյանի իշխանությունը չի դադարեցրել Երևանի քաղաքապետի պաշտոնն ամեն գնով զավթելու իր մտադրությունները։ ՔՊ-ում ակտիվ աշխատում են հատկապես «Հանրային ձայն» կուսակցության ցուցակի վրա:
Իշխող ուժի գերխնդիրը քվորում ապահովելն է, ՔՊ-ն և «Հանրապետություն» կուսակցությունը միասին չունեն 33 ձայն, որ քվորում ապահովեն և Տիգրան Ավինյանին քաղաքապետ ընտրեն. նրանց մեկ ձայն է պակասում, և որոշել են այդ հարցը լուծել մարդագողությամբ: Եթե առաջին նիստին քվորում չլինի, երկրորդ փորձից կկարողանան Ավինյանին ընտրել քաղաքապետ: Առաջին փուլում պահանջվող 33 ձայնը ՔՊ-ն չունի, սակայն, օրենքի համաձայն, երկրորդ փուլում մասնակիցների պարզ մեծամասնության քվեն էլ է բավարար։ Արդեն լուրեր կան, որ «Հանրային ձայնի» կին ավագանիներից մեկը ճամբարափոխ է եղել և գոնե քվորումի հարցում կաջակցի ՔՊ-ին»։