28/09/2023 11:35
ԱՄՆ-ն առաջիկա օրերին քայլեր կձեռնարկի ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու ուղղությամբ
Ադրբեջանի կառավարությունը կողջունի միջազգային դիտորդական առաքելության ուղարկումը Լեռնային Ղարաբաղ, և ԱՄՆ-ն այդ ուղղությամբ առաջիկա օրերին կաշխատի իր դաշնակիցների և գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Կարող եմ ասել, որ մենք ողջունեցինք քիչ առաջ՝ նախքան իմ ամբիոն բարձրանալը, Ադրբեջանի կառավարության մեկնաբանությունն այն մասին, որ նրանք կողջունեն նման միջազգային դիտորդական առաքելությունը։ Պետքարտուղարն ուղղակիորեն նախագահին (խմբ՝. Ադրբեջանի) հորդորում էր դա անել, և մենք ուրախ ենք տեսնել, որ նա համաձայնեց դրան։ Եվ մենք կաշխատենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ առաջիկա օրերին, որպեսզի վերջնական հստակ տեսք հաղորդենք այդ առաքելությանը», - ասել է Միլլերը։
Նա նաև կրկնել է այն մի շարք առաջնահերթ նպատակները, որոնց Վաշինգտոնը ցանկանում է հասնել տարածաշրջանում, որոնք, Միլլերի խոսքով, շեշտել են ինչպես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, այնպես էլ Հայաստանում գտնվող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը։
«Առաջին՝ մենք ցանկանում ենք տեսնել, որ հրադադարը պահպանվում է, երկրորդ՝ մենք ցանկանում ենք տեսնել, որ բավարարվում են հումանիտար կարիքները, ինչը նշանակում է բաց պահել Լաչինի միջանցքը, ապահովել հումանիտար մատակարարումների մուտքը։ Դա նաև նշանակում է միջազգային դիտորդական առաքելության ուղարկում՝ երաշխավորելու, որ այդ կարիքները բավարարվեն», - նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։