28/09/2023 15:17
Հարյուրավոր սպաներ այստեղ են․ պետությունը նրանց հետ պիտի խոսեր, շատերը ուզում են ծառայել ՀՀ բանակում
Արցախի պաշտպանության բանակում հարյուրավոր սպաներ կային, որոնք արդեն այստեղ են, պետությունը նրանցից յուրաքանչյուրի հետ պետք է խոսեր, նրանցից շատերը ուզում եմ ծառայել Հայոց բանակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։
«Նորից եմ հարցնում 30-ն անց սպային՝ իսկապես, ոչ մի բան չեն ասե՞լ, ոչ մի առաջարկ չի՞ եղել: Հարցնում եմ, քանի որ չեմ հավատում, որ նույնիսկ այսպիսի անգնահատելի ռեսուրսի մասին չի մտածում այս իշխանությունը: Սպայի վրա պետությունը հսկայական միջոցներ է ծախսել: Փորձառու սպաներ, ռազմական գործությունների մասնակցած: Ու հիմա չի էլ ուզում իմանա՝ իր այդ ռեսուրսն ինչ եղավ: Արցախի պաշտպանության բանակում հարյուրավոր սպաներ կային, որոնք արդեն այստեղ են, երկուսի հետ խոսել եմ, նրանց ճանաչում եմ: Որեւէ մեկը նրանց չի ասել, թե ինչ կարող են անել, ինչ պիտի անեն: Բայց պետությունը նրանցից յուրաքանչյուրի հետ պետք է խոսեր, նրանցից շատերը ուզում են ծառայել Հայոց բանակում: Ապահովեք նրանց բնակարաններով, առաջնահերթ: Իսկ ովքեր որոշել են լքել երկիրը, զրուցեք նրանց հետ, համոզեք, որ չգնան երկրից»,- գրել է նա։