28/09/2023 18:08
«Հայաստան-Զիմբաբվե հարաբերություններում առկա է չիրացված զգալի ներուժ»․ Կոստանյան և Կուպեմբա
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Զիմբաբվեի նորանշանակ դեսպան Բրայթ Կուպեմբային՝ (նստավայրը՝ ք. Թեհրան) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ, հայտնում են ԱԳՆ-ից։
Հաղորդագրությունում նշված է․
«Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, շնորհավորելով դեսպան Կուպեմբային կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Զիմբաբվեի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը։
Երկուստեք արձանագրվել է, որ առկա է երկկողմ համագործակցության չիրացված զգալի ներուժ, ու պատրաստակամություն են հայտնել գործադրելու ջանքեր ներդրումների ներգրավման, առևտրատնտեսական, կրթամշակութային կապերի հաստատման հարցում:
Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը դեսպանին ներկայացրել է նաև տարածաշրջանում անվտանգային և հումանիտար առկա իրավիճակը»: