28/09/2023 11:06
ԱԺ-ում քննարկվում է Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը. հետադարձ ուժ կտրվի կանոնադրությանը
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագիծը:
Նախագծի հիմնական զեկուցող Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց, որ նախագծի անհրաժեշտությունը վերահիմնավորվում է այն իրադարձություններով, որոնք տեղի են ունենում նաև այսօր։
«Կանոնադրության իրավազորության ենթական հանցագործությունների շարքին է դասվում նաև այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանվում են մեր տասնյակ հազարավոր հայրենակիցները։
Կառավարությունն առաջարկել է նախագծով հետադարձորեն ճանաչել դատարանի իրավազորությունը սկսած 2021 թվականի մայիսի 10-ից (ադրբեջանական Զինված ուժերը սկսեցին ներխուժել ՀՀ սուվերեն տարածք)։ Դա հնարավորություն է որոշակի հետադարձ ուժ տալ կանոնադրությանը։ Բացի հետադարձորեն ճանաչելուց, նաև վավերացում է իրականացվում։ Այն հնարավորություն է տալիս ՀՀ-ին ամբողջությամբ անդամակցել դատարանին։ Առաջարկվում է թե՛ վավերացում, թե՛ իրավազորության ճանաչում։ Երբ ավարտվեն ներպետական բոլոր գործընթացները, 60 օրյա ժամկետը լրանալուց հետո կանոնադրությունը կմտնի ուժի մեջ», - հայտարարեց Եղիշե Կիրակոսյանը։
Նա նշեց՝ նախագծի հիմնական թիրախը Ադրբեջանի կողմից կատարվող հանցագործությունների պատասխանատվության համար նոր լրացուցիչ միջազգային իրավական մեխանիզմ գործարկելն է։