28/09/2023 14:14
Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է բոլորի առաջ, հիմա առավել ևս՝ բռնի տեղահանված արցախցիների. Նարե Սիմոնյան (Տեսանյութ)
Երբ Արցախից բռնի տեղահանված, ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդկանց կացարան ես տալիս սահմանամերձ մարզերում, այդ մարդկանց տանում կանգնեցնում ես սահմանին՝ նույն թշնամու առջև, դրանով ցույց ես տալիս անտարբերությունդ այդ մարդկանց ցավի, կյանքի հանդեպ, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը։
«Հազարավոր կամավորներ, մարդիկ միացել են արցախցիներին դիմավորելու, կացարաններով ապահովելու գործին, բայց դա հսկայածավալ աշխատանք է, դա պետության պարտականությունն է, բայց իշխանությունը դա թողնում է հանրության ուսերին, որպեսզի մարդիկ ժամանակ չունենան իշխանության դեմ պայքարի օրակարգ գեներեացնել։ Մենք չենք կարող մեզ նման շքեղություն թույլ տալ, հիմա միայն հումանիտար հարցերով զբաղվել, հետո մի օր նորից սկսել պայքարը իշխանության դեմ։ Պետք է համատեղել, որքան էլ որ դժվար լինի։ Պատկերացրեք՝ ինչ-որ խելագար տարբեր կողմերից հրդեհում է տունը, և դուք փոխարեն այդ վտանգավոր մարդուն չեզոքացնելու, սկսում եք պարզապես կրակի օջախները հանգցնել, դա ոչինչ չի տալու, որովհետև մինչ դուք հանգցնում եք կրակը, այդ մարդը շարունակելու է նոր օջախներ բորբոքել»։
Նարե Սիմոնյանն ընդգծում է՝ այս օրերին հազարավոր մարդիկ ամեն ինչ անում են արցախցիների տառապանքը մեղմելու համար, մինչդեռ իշխանամերձ հարթակներ չեն վարանում հակաարցախյան քարոզչության լծվել։ Արցախից բռնի տեղահանված մարդիկ ՀՀ անձնագիր ունեն, իրենք նույնքան պահանջներ ունեն այս իշխանությանը, որքան որ գյումրեցիները, երևանցիները։ Նիկոլ Փաշինյանին չեն ընտրել հազարավոր մարդիկ, բայց այդ մարդը պատասխանատվություն ունի բոլորի առջև։ Երբ ասում են՝ արցախցիները Փաշինյանին չեն ընտրել, հետևաբար չեն կարող պահանջներ ներկայացնել, այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ արցախցիներից ձայն չստացած Փաշինյանը նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումով հանձնեց Արցախը, դժոխքի վերածեց արցախցիների կյանքը։ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է բոլորի առաջ, հիմա առավել ևս՝ բռնի տեղահանված արցախցիների»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։