28/09/2023 15:36
Ընտանիքով Վայքում կրկին գիշերել ենք մեքենայի մեջ. Քրիստոս չեմ, որ կարողանամ այս անգամ էլ իմ երեխաներին փրկել
Ցեղասպանություն, ուժի գործադրում, բռնի տեղահանում, սով՝ այս ամենն այսօր տեղի է ունենում Արցախի Հանրապետությունում՝ Ադրբեջանի կողմից։ Դարերով Արցախում ապրող բնիկ ժողովուրդն այս պահին էթնիկ զտման է ենթարկվում և բռնի տեղահանվում է իր իսկ հայրենիքից։ Հազարավոր մարդիկ օրերով անցնում են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը և գիշերում փողոցներում, մեքենաների մեջ։ Նրանց մեջ կան երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ։ Ընտանիքներն իրենց փոքր երեխաների հետ մազապուրծ Արցախի տարբեր գյուղերից ու Ստեփանակերտից, մի կերպ են հասել Գորիս ու մնացել առանց տանիքի։
Ստեփանակերտից Գայանե և Մարատ Բաղդատյաններն արդեն օրեր շարունակ Գորիսում 5 երեխաների հետ միասին քնում են մեքենայի մեջ, կորցրել են ամեն ինչ՝ հող, հայրենիք, նրանց 7 հոգանոց ընտանիքի տունը հիմա փոքր մեքենան է, որի մեջ Արցախից կիլոմետրեր հեռավորության վրա գիշերում են։
168.am–ի հետ զրույցում Մարատ Բաղդատյանը պատմել է, որ աշխատող մարդիկ են՝ ինքն էլ, կինն էլ, հիմա էլ պատրաստ են աշխատել, միայն թե տուն ունենան, 5 անչափահաս երեխաները տանիք ունենան իրենց գլխին։
«Հիմա Վայքում ենք, այս գիշեր կրկին ընտանիքով գիշերել ենք մեքենայի մեջ։ Ես չեմ ուզում այլևս թուրքի կրակի տակ մնան իմ երեխաները, ավելի լավ է Երևանում մի նկուղում ապրի երեխան՝ թուրքի կրակից հեռու, ես ընտանիքիս հազիվ եմ փրկել։ Ես Հիսուս Քրիստոս չեմ, որ կարողանամ այս անգամ էլ իմ երեխաներին փրկել։
Իմ 5 անչափահաս երեխաները՝ 3 տղա և 2 աղջիկ՝ 11, 10, 8, 5, 3 տարեկան, շատ բաներ են տեսել։ Հիմա Գորիսում մեզ հաց ու ջուր տվեցին, նկատի ունեմ՝ սնունդ տալիս են, շնորհակալ ենք»,- նշել է Մարատ Բաղդատյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում