28/09/2023 09:39
«Ժողովուրդ». Նախկին ոստիկանապետի մահվան գործը բացված է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործը թեև վերաբացված է, սակայն դեպքից 4 տարի անց՝ մինչ օրս, հայտնի չէ, թե ով կամ ովքեր նախկին ոստիկանապետին հասցրին ինքնասպանության:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Գրել էինք նաև, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել է նաև ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը: 2021 թվականին գործը կասեցվեց, սակայն 2022 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը հստակ սահմանեց, որ կա՛մ քրեական վարույթը կարճվում է, կա՛մ որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում և մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվում։
Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը այլևս չբացահայտված քրեական վարույթների կասեցման իրավական ընթացակարգ չի նախատեսում: Եթե նախկինում քննիչները քրեական գործերը կասեցնում էին ու տարիներով գցում իրենց «սեյֆերը», ապա հիմա պետք է քննությունը շարունակեն: Ստացվում է՝ նախկին ոստիկանապետի մահվան գործը բացված է, բայց ոչինչ բացահայտված չէ»։