28/09/2023 11:33
Հայաստան տեղափոխված 66 հազար 500 արցախցիներից ՀՀ կառավարությունը կացարանով ապահովել է 10 հազար 967-ին
Հայաստան տեղափոխված 66 հազար 500 արցախցիներից ՀՀ կառավարությունը կացարանով ապահովել է 10 հազար 967-ին։
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բոլորին առաջարկվում է կացարան, սակայն արցախցիների մի մասը նախորոշված տեղեր ունեն ու գնում են այլ հասցեներով։
«Մենք այդ մարդկանց հետ կապը պահում ենք, որպեսզի հետագա սոցիալական խնդիրները կառավարենք, որովհետև հնարավոր է՝ մարդիկ գնան իրենց հարազատի տանը մի շաբաթ մնան, մի շաբաթից հետո ավելի հարմար գտնեն չշարունակել այնտեղ մնալ»,- նշեց նա։
Վարչապետի խոսքով՝ այս պահին լուծում են կարճաժամկետ տեղավորման խնդիրը, հաջորդ խնդիրը կլինի միջնաժամկետ տեղավորման ծրագիր իրականացնելը։
Նախորոշված է երեք մարզ՝ Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք. այդ մարզերում կլուծվեն բռնի տեղահանվածների միջանաժամկետ տեղավորման հարցերը։
«Մենք որևէ մեկին չենք կարող պարտադրել որևէ տեղում գտնվել, մենք պարզապես որոշակի քաղաքականություն ենք վարում ու փորձում ենք որոշակի տրամաբանությամբ մեր եղբայրներին ու քույրերին առաջարկել կեցավայրեր»,- նշեց Փաշինյանը։
Երկարժամկետ տեղավորման դեպքում բազմաթիվ հարցեր կան, այդ հարցերի պատասխանները կառավարությունը պետք է ունենա, գնահատի իրադրությունը։
Վարչապետը նշեց նաև, որ կառավարությունն ամեն ջանք կգործադրի, որ բռնի տեղահանված արցախցիներին ապահովեն աշխատանքով։