28/09/2023 17:28
«Հայաստանի ղեկավար լինելը, Նիկո՛լ Փաշինյան, քո «հագով չի», թող, գնա»․ Օսկանյանը Փաշինյանին կոչ է անում սթափվել
Արցախի նախագահը որոշում է ստորագրել, որով Արցախը՝ որպես հանրապետություն, լուծարվում է։ Վստահ եմ՝ շատերի համար հարցը փակված է համարվում, ինձ համար հարցը փակված չէ, չի էլ կարող փակվել, ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Այն, ինչ կատարվում է ինչ-որ իշխանության ժամանակ, այդ իշխանության պատասխանատվությունն է։ Սա փաստ է։ Դրանից խուսափել չկա։ Այս փաստը ավելի հիմնավորվում է, երբ տեսնում, հիշում ես ակնհայտ սխալներ, որոնք այս իշխանության կողմից արվել են։ Այն, ինչը կատարվեց Արցախում, ունի մեկ պատասխանատու, մեկ մեղավոր՝ Նիկոլ Փաշինյանն է, նրա փոքր խումբը։ Նրանց սխալների արդյունքում, որոշները կասեն՝ միտումների արդյունքում, մեր ժողովրդի գլխին բերվեց այս մեծ ողբերգությունը։
Եթե Նիկոլ Փաշինյանը լիներ հմուտ ղեկավար, այս վիճակում չէինք լինի», - ասել է նա։
Օսկանյանն ընդգծել է՝ Փաշինյանը դեմ գնաց պատմական օրինաչափություններին․ ԼՂ հարցում պատմական օրինաչափությունները մեր օգտին էին՝ պատերազմից առաջ ու պատերազմից հետո։
«Հայաստանի ղեկավար լինելը, Նիկո՛լ Փաշինյան, քո «հագով չէ», դու չես կարողանում դա անել։ Քո մնալով այս ժողովուրդը խեղդամահ է լինում, թող, գնա՝ շնչի այս ժողովուրդը։ Գիտեմ՝ չես գնա։ Եթե մնում ես, գոնե, այս հարցերին տեր կանգնիր, սթափվի՛ր մի քիչ», - դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասել է ԱԳ նախկին նախարարը։
Օսկանյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի և Դավիթ Բաբայանի երբակալման խնդրին։
Մանրամասները՝ տեսանյութում