29/09/2023 18:20
Պապիկս՝ Գուրգեն Գաբրիելյանը, Ղարաբաղի հորովելն էր. նրա անգնահատելի ժառանգությունը մնաց Արցախում. Նարինե Ավանեսյան-Գաբրիելյան
Պապիկս՝ Գուրգեն Գաբրիելյանը, առանց չափազանցնելու, Արցախի խորհրդանիշներից էր։ Ես դա հպարտությամբ կարող եմ ասել. նշանավոր մանկագիրը հայ մշակույթին թողել է անգնահատելի ժառանգություն։ Նրա բանաստեղծություններով, մանկական ստեղծագործություններով մեցածել է հայ ազգի մի քանի սերունդ, պապիկս ուսուցչություն է արել, ղեկավարել է նաև Ստեփանակերտի ժողովրդական ստեղծագործությունների մարզային տունը, Aysor.am-ի հետ զրույցում ասում է Գաբրիելյանի թոռնուհին՝ Նարինե Ավանեսյան-Գաբրիելյանը։
«Հայրենիք կորցնելու ցավն, իհարկե, անհաղթահարելի է, այն, ինչ կատարվում է, մեծագուն ողբերգություն է, որի հետևանքները հետո ենք զգալու։ Ինձ համար կատարվողն, իհարկե, նաև անձնական ողբերգություն է. Արցախում մնաց նաև Արցախի խորհրդանիշներից համարվող պապիկիս՝ Գուրգեն Գաբրիելյանի տուն-թանգարանը` անգնահատելի գրադարանով ու ձեռագրերով։ Արցախցիներիս համոզմամբ, եթե Գուրգեն Գաբրիելյանը միայն Ղարաբաղի հորովելը գրեր, բավարար կլիներ համաժողովրդական հռչակ վայելելու համար։
Պապիկս իր երդումը պահեց՝ ասելով՝
Եվ չեմ ապրի մեկ այլ հողում...
Եվ կմեռնեմ պապերիս պես՝
Արցախացած նրա կողում։