29/09/2023 13:44
Մեկը՝ բարձ ու վերմակ, մյուսը՝ սուրճի սեղան․ Էջմիածնում դիմավորել են արցախցի նոր հարևաններին
Օգտատեր Վիտալի Մանգասարյանը պատմել է՝ ինչպես են հարևանները դիմավորել Արցախից բռնի տեղահանված մարդկանց։
«Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին տեղավորելու ընթացքում բազմաթիվ հաճելի դրվագների ականատես եղա:
Մեկը պատմեմ:
Երբ ընկերներիցս մեկին էինք օգնում ճամպրուկները բարձրացնել Էջմիածնի Զվարթնոց թաղամասի շենքերից մեկի 5-րդ հարկում գտնվող բնակարան, շենքի հարևանները, իմանալով, որ Արցախից մարդիկ են գալիս իրենց հարևան, այ այսպիսի սուրճի սեղանով նախ դիմավորեցին, այնուհետև հետաքրքրվեցին, թե, այսպես ասած, ի՞նչ պակաս-պռատ բաներ կա: Մեկը վերմակ և բարձ բերեց, մյուսը՝ տունը կարգի բերելու պարագաներ, կարճ ասած, ինչ խնդիր կար՝ էտ պահին գրեթե ամբողջությամբ լուծվեց:
Սրտացավ մարդիկ, որոնք պատրաստ են օգնել և աջակցել ինչով կարող են, իմ գնահատմամբ, շատ են, ուղղակի պետք է կազմակերպված այդ ռեսուրսը հնարավորինս արդյունավետ օգտագործել»: