29/09/2023 11:47
ԱՄՆ-ին շարունակում է մտահոգել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը. Մեթյու Միլլեր
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում շեշտել է Լեռնային Ղարաբաղ անխոչընդոտ հումանիտար հասանելիության կարևորությունը։ Նա նաև անդրադարձել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերի հայտարարությանը Հարավային Կովկասում Աղետների արձագանքման թիմ ստեղծելու մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միլլերը նշել է, որ Աղետների արձագանքման թիմը կհամակարգի Միացյալ Նահանգների հումանիտար արձագանքը։
«Այս թիմը կգնահատի իրավիճակը և կորոշի առաջնահերթ կարիքները՝ ավելացնելու օգնությունը և աշխատելու գործընկերների հետ՝ հրատապ անհրաժեշտ օգնություն ապահովելու համար», - նշել է Միլլերը։
Նա նաև կրկնել է հրադադարը պահպանելու, հումանիտար կարիքների ապահովման կարևորությունը։ Միլլերն ընդգծել է, որ հարկավոր է հնարավորինս շուտ տարածաշրջան ուղարկել անկախ միջազգային դիտորդական առաքելություն՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար ապահովելու թափանցիկություն և վստահություն։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակին, դա շարունակում է մտահոգել ԱՄՆ-ին։
«Կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք մեծապես մտահոգված մնալ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով։ Կարծում ենք՝ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարողանան հեռանալու որոշում կայացնել, եթե ցանկանում են հեռանալ, և կարողանան վերադառնալ, եթե ցանկանում են վերադառնալ։ Դա որոշում է, որը նրանք բոլորը պետք է կայացնեն որպես անհատներ, բայց մենք կարծում ենք, որ կարևոր է, որ նրանք կարողանան այդ որոշումը կայացնել իրենց համար: Եվ մենք գտնում ենք, որ պետք է անխոչընդոտ հումանիտար հասանելիություն լինի տարածաշրջան, որպեսզի համոզվենք, որ կարիքավոր բնակչությունը կարողանում է ստանալ անհրաժեշտ աջակցությունը», - ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։