29/09/2023 22:22
«Իսկ Անդրանիկ Քոչարյանը տղամարդկություն ունեցե՞լ է իր խմբապետին նման առաջարկ անի»․ Տիգրան Աբրահամյանը՝ Արցախի նախագահին ինքնասպանության կոչ արած Անդրանիկ Քոչարյանի մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այսօրվա աղմկահարույց հայտարարությանը։
«Անդրանիկ Քոչարյանը Արցախի նախագահին ինքնասպանության կոչ է արել` համարելով, որ ստեղծված իրավիճակում ելքը դա է:
Իսկ Անդրանիկ Քոչարյանը տղամարդկություն ունեցե՞լ է իր խմբապետին նման առաջարկ անի, երբ Նիկոլը հայտարարեց Արցախի հանձնման իր մտադրության մասին և իրագործեց:
Անդրանիկ Քոչարյանն այդքան համարձակություն ունե՞ր ինքնասպանության մղել իր այն թիմակիցներին, ովքեր Արցախի ապագան տեսնում էին Ադրբեջանի կազմում և դրա համար ամեն ինչ արեցին:
Վերջապես, որպես իշխող քաղաքական ուժի առանցքային անդամ` ինքն ի՛ր հետ ի՞նչ է պատրաստվում անել Անդրանիկ Քոչարյանը` այս 5 տարվա ընթացքում հայ ժողովրդին անվերջ պարտություններ բերելու, հազարավոր զոհեր պատճառելու և սեփական ժողովրդի նկատմամբ թշնամություն սերմանելու համար»: