29/09/2023 15:58
Եվս մեկ օր, և Արցախից դուրս կգա վերջին քաղաքացին. Գնել Սանոսյան
Եվս մեկ օր, ու Արցախից դեպի ՀՀ բռնի տեղահանվածների հոսքը կավարտվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Կարծում եմ` այս գիշեր, վաղվա ընթացքում Արցախից դուրս կգա վերջին քաղաքացին։ Մեզ կմնա ՀՀ մարզերում տեղաբաշխված մարդկանց կարիքները հոգալ, թեև այդ ուղղությամբ արդեն իսկ այս պահին աշխատանքներ տարվում են»,– նշել է նախարարը։
Նրա խոսքով` այս պահին բավականին մեծ է հոսքը, սակայն կարողանում են որոշակի ժամանակի մեջ սպասարկել, և արդյունքում մարզերում հաշվառված ու տեղաբաշխված մարդկանց քանակն ավելի հստակ է դառնում։
«Գլխավոր դրական բանն այն է, որ փորձել ենք այնպես անել, որ ոչ մի քաղաքացի դրսում չմնա։ Այլ հարց է, որ որոշ հատվածներում կարող են 2–3 ժամ հերթի մեջ մնալ` մինչև կկարգավորվի իրավիճակը։ Ընդ որում, այդ դժվարության մեծ մասն էլ գալիս է ոչ այնքան մեզնից, որքան այն պատճառով, որ մեր քաղաքացիներն այնքան էլ չեն ուզում գնալ այնտեղ, որտեղ մենք ենք առաջարկում, այլ գերադասում են սպասել ու այլ տեղ գնալ»,– նշել է Սանոսյանը։
Նա ընդգծել է, որ մարզպետարաններին հրահանգել են առաջին անհրաժեշտության բոլոր ծախսերն արագ իրականացնել։ Նախարարը նշեց, որ թեև ՀՀ կառավարությունը միջոցներ ունի, կարող է բոլոր կարիքները հոգալ, սակայն կան բարերարներ, կազմակերպություններ, որոնք նույնպես ցանկանում են աջակցել։
Նա անդրադարձել է նաև այն հարցին, որ կան դժգոհություններ, որ բռնի տեղահանվածներին ուղղորդում են հիմնականում միայն մարզեր։
Գնել Սանոսյանն ասել է, որ Երևանի հյուրանոցներում գրեթե տեղ չկա, նույնը վերաբերում է նաև վարձով տներին, որոնք հիմնականում զբաղեցնում են վերջին ամիսներին ՌԴ–ից տեղափոխված անձինք։ Այդ պատճառով, հաշվի առնելով Երևանի ծանրաբեռնվածությունը, ՀՀ կառավարությունը որոշել է արցախցիներին տեղաբաշխել մարզերով։