29/09/2023 18:31
Լեմկինի ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին մեղադրել է ցեղասպանությանը մեղսակից լինելու մեջ
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մոլորություն է անվանել ԱՄՆ-ի այն համոզմունքը, թե Ադրբեջանի նախագահի վարչակազմը կարող է բարեխիղճ բանակցություններ վարել։ 168․am-ի փոխանցմամբ՝ ինստիտուտը նաև աշխարհի առաջնորդներին է մեղադրել ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ։
«Ցույց տալով, որ ոչինչ չի սովորել Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ներկայում իրականացվող ցեղասպանությունից՝ Միացյալ Նահանգները շարունակում է օժանդակել հանցագործին իր անխոհեմ, կեղծ հավասարակշռությամբ և մոլորություն հանդիսացող իր համոզմունքով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմը կարող է մասնակցել բարեխիղճ քննարկումների կամ բանակցությունների», – գրում է ինստիտուտը X սոցցանցի իր էջում:
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիշեցրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի կողմից վերջին օրերին արված հայտարարությունն այն մասին, որ կողմերն ունեն տարաձայնություններ և պետք է համաձայնեն խոսել միմյանց հետ ու իրավիճակի հանգուցալուծման հասնել։
Ըստ ինստիտուտի հայտարարության. «Ցեղասպանությունը «պարզապես տարաձայնություններ ունենալու» խնդիր չէ»։
«Ավելին, ենթադրել, որ ԱՄՆ-ն որևէ դեր չի խաղացել՝ նպաստելով Ալիևի անպատժելիությանը ցեղասպանություն իրականացնելու գործում, լավագույն դեպքում սուտ է: Լեմկինի ինստիտուտը նախազգուշացնում է համաշխարհային առաջնորդներին, որ նրանք վարվում են այնպես, որ հնարավոր են դառնում նրանց հանդեպ ոչ միայն ցեղասպանության մեղսակցության մեղադրանքները, այլև հանցագործությանն օժանդակելու և դրդելու մեղադրանքները», – նշված է գրառման մեջ։