29/09/2023 17:01
«Ձեզ շատ ենք սիրում»․ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Արցախից բռնի տեղահանված աշակերտներին
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Արարատի մարզի Զորակ, Ռանչպար և Հովտաշեն համայնքներում այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին, որոնք հաճախում են տեղի հանրակրթական դպրոցներ:
Նախարարը զրուցել է երեխաների հետ և հույս հայտնել՝ սրտացավ մանկավարժների և աշակերտների օգնությամբ նրանք կկարողանան ինտեգրվել նոր միջավայրին ու ձեռք բերել նոր ընկերներ:
«Գիտենք, թե ինչպիսի դժվարությունների միջով եք ստիպված եղել անցնել, հասկանում ենք, որ կարոտում եք ձեր տունն ու դպրոցը: Միասին պետք է հաղթահարենք դժվարությունները: Իմացեք, որ դուք մենակ չեք. մենք մշտապես ձեր կողքին ենք և ձեզ շատ ենք սիրում»,- երեխաների հետ զրույցում ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանը զրուցել է նաև բռնի տեղահանված երեխաների ծնողների հետ, լսել նրանց վերջին օրերի անասելի դժվար ճակատագրերի պատմությունը: