29/09/2023 09:43
«Հրապարակ». Արցախի նախագահի ստորագրած հրամանագիրը կրակի դադարեցման և հայ բնակչությանն Արցախից տարհանելու գինն էր
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության պետական կառույցները 2024 թ․ հունվարի 1-ից կդադարեն գոյություն ունենալ։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ երեկ ստորագրած հրամանագիրը կրակի դադարեցման և հայ բնակչությանն Արցախից տարհանելու գինն էր։ «ԼՂ բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի ներկայացրած վերաինտեգրման պայմաններին՝ ապագայում ԼՂ-ում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անհատական որոշում կայացնելու նպատակով»։
Արցախից տեղեկացանք, որ մինչև հունվարի 1-ը բոլոր գերատեսչությունները փաստացի գոյություն կունենան, իհարկե, բնականոն աշխատանք չի ծավալվի՝ դրա անհնարինության պատճառով, քանի որ բնակչության կեսից ավելին արդեն բռնի տեղահանվել է Հայաստան։ Իսկ հրամանագրով հունվարի 1-ն է ամրագրվել, որ պետական գերատեսչությունների աշխատակիցները գոնե մի երեք ամիս աշխատավարձ ստանան։ Ի դեպ, երեկ ՀՀ իշխանական շրջանակները նողկալի հրապարակումներ էին անում, թե ինչու է հունվարի 1-ը նշվել հրամանագրում, իբրև թե Արցախի իշխանությունը սրանով որոշել է հարամել մարդկանց Նոր տարին, որ մարդիկ ասեն՝ այս մի տոնն էլ Նիկոլ Փաշինյանը սգի վերածեց»։