29/09/2023 12:48
«Ուրարտու»-ն պատրաստվում է 50-ից 100 հազար դոլար հատկացնել Արցախից Հայաստան եկող բռնի տեղահանվածների օգնության և բարեկեցության համար
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հանդես է գալիս նախաձեռնությամբ, որով պատրաստվում է 50,000-ից 100,000 ԱՄՆ դոլար հատկացնել Արցախից Հայաստան եկող փախստականների օգնության և բարեկեցության համար, ինչպես նաև խստորեն հորդորում է միանալ Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող բոլոր ակումբներին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավորությամբ։
««Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դիմում է ՀՀ կառավարությանը խնդրանքով՝ բացել բանկային հաշիվ, տրամադրել այն ՀՖՖ-ին և ֆուտբոլային ակումբներին, ինչպես նաև նշանակել պատասխանատու անձանց, ովքեր կղեկավարեն ֆուտբոլային ակումբների և ՀՖՖ-ի կողմից փախստականների համար հատկացված միջոցների բաշխումն ու ծախսումը՝ անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն տրամադրելով ծախսված միջոցների մասին։
Կազմակերպությունների ցանկը, որոնց կոչ ենք անում միանալ մեր նախաձեռնությանը.
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա;
«Ուրարտու»;
«Ալաշկերտ»;
«Արարատ»;
«Արարատ-Արմենիա»;
«Վան»;
«Վեստ Արմենիա»;
«Նոա»;
«Փյունիկ»;
«Շիրակ»:
Խնդրում ենք վերը նշված բոլորին արձագանքել հրապարակայնորեն առաջիկա օրերի ընթացքում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրությունում։